Աննա Հեքեքյան

Աննա (Էլմիաննա) Արտյոմի Հեքեքյան (1955, օգոստոսի 15, Երևան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ։ Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ է, ակադեմիկոս (2006)։

1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1980 թվականին՝ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի ասպիրանտուրան։ 1980-1981 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի ռեժիսոր, 1990 թվականից աշխատում է ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագրությունում, որտեղ հեղինակել է «Սատիրա և հումոր», «Մեկ դերասանի թատրոն», «Փաթեթ համար...» և այլ հաղորդումներ։ 

1983-1988 թվականներին եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի լաբորանտ. դասավանդում է նույն ամբիոնում, 2003 թվականից՝ դոցենտ։

1992 թվականից աշխատում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում:

1975-1977 թվականներին դասավանդել է Երևանի Խորեոգրաֆիայի պետական, մինչ 1990 թվականին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարաններում, 1980-1986 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1975-1977 թվականներին եղել է Երևանի Մյասնիկյանի շրջանի պատգամավոր, 1993 թվականին՝ «Աշտարակ-93» առաջին միջազգային հայկական փառատոնի կազմակերպիչը։

2003 թվականից դասավանդում է նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայում[1]։ 2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի կազմում է։