Երգչախմբային արվեստի միջազգային օր

1990 թվականից Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ  յուրաքանչյուր  տարի՝ դեկտեմբերին, նշվում է Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Այդ օրը շուրջ 100.000 երգչախմբեր բոլոր մայրցամաքներից իրենց ելույթներով միանում այս տոնին:

1994 թվականից Հայաստանը՝ «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի» նախաձեռնությամբ,  միացել է այս շարժմանը: Տարիներ ի վեր հայաստանյան բարձրակարգ երգչախմբեր ելույթ են ունեցել  Հանրապետության հանրակրթական դպրոցների սաների համար Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:

 2018 թվականից  «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան» անցկացնում է տոնը  «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի»  հետ համատեղ՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ: Ձևաչափը փոխվեց և սկսեցին մասնակցել բացառապես սիրողական երգչախմբեր՝ Երևանից, տարբեր քաղաքներից, իսկ այս տարի, նաև՝  արտերկրից:

Այս տարի՝ դեկտեմբերի 16-ին,  տոնին մասնակցում էին թվով 14 երգչախմբեր՝ Իջևանից, Էջմիածնից, Երևանից: Տաթևից, Սիսիանից, Կապանից, Չարենցավանից ու Մյունխենից (Գերմանիա) երգչախմբերը միացել էին ուղիղ կապով: Տոնը նվիրված էր Կոմիտասի 150- ամյա հոբելյանին, և երգչախմբերը կատարեցին բացառապես Կոմիտասի խմբերգերը: