Կոմիտաս փառատոն

«Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոնը» հիմնվել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կողմից: Փառատոնն ամենամյա է և իր մեջ ներառում է տարբեր նախագծեր, որոնք պարբերաբար անցկացվում են ՀՀ Մշակույթի նախարարության կամ Վեհափառ Հայրապետի բարձր հովանավորությամբ:

Փառատոնն ընդգրկում է երաժշտական բոլոր հնարավոր ժանրերը և անցկացվում է տարբեր ձևաչափերով: Կարող է անցկացվել ոչ միայն Հայաստանի մեծ և փոքր քաղաքներում, գյուղերում,  այլև՝ արտերկրում:

Փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներին կարող են մասնակցել տարբեր թատերական խմբեր, համույթներ, երաժշտախմբեր, ասմունքողներ, նկարիչներ, որոնց կողմից ներկայացրած ստեղծագործությունները կառնչվեն կոմիտասյան թեմային:

Փառատոնի նպատակն է՝ տարածել Կոմիտասի երաժշտությունն ամբողջ աշխարհում, Հայաստանի մարզերում ակտիվացնել մշակութային կյանքը:

«Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոնի» առաջին համերգը կայացել է Հառիճավանքում, 2015 թվականի հոկտեմբեր 8-ին, իսկ այդուհետ՝ ամեն տարի սեպտեմբերի 26-ին` Հայաստանի փոքրիկ երգիչներ և «Զանգակներ» երգչախմբերի մասնակցությամբ:ս

2018 թվականից փառատոնի շրջանակներն ընդլայնվել են և փառատոնին մասնակցել  են ֆրանսիական երկու երգչախմբեր՝ «Ճամփորդող երգչախումբ»  (Le Choeur Voyageur) Ֆրանսիայի Բորդո քաղաքից՝  Ալեքսի Դուֆորի ղեկավարությամբ,  «Փարիզի օպերայի մանկական երգչախումբը»`(Maîtrise des Hauts-de-Seine) Գաել Դարչենի ղեկավարությամբ, ինչպես նաև «Գալան» տրիոն Հունաստանից:

Փառատոնի շրջանակներում , 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախումբը  Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ համերգներով հանդես եկավ Վիլնյուսում, Կաունասում, Տրակայում, Մոլետայում , Բեռլինում, Հալլեում և  Լայպցիգի աշխարհահռչակ «Գեվանդհաուս» համերգասրահում:

2019 թվականի, հոկտեմբեր 20-ին Շվեյցարիայից ժամանած «Մերլին» վոկալ խումբը համերգով հանդես եկավ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

Փառատոնի շրջանակներում, 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև  2020  հունիսի 5-ը «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան անցկացնելու է Խմբերգերի միջազգային մրցույթ: Մրցույթը նպատակ ունի միջազգային հանրությանը ծանոթացնելու Կոմիտասի արվեստին, ինչու չէ՝ նաև կյանքին և ստեղծագործունեությանը:

2020 թվականին նախատեսվում է  հյուրընկալել հետևյալ երգչախմբերին` մարտի 5ից 9-ը` Համբուրգի աղջիկների երգչախմբին (Գերմանիա) , ապրիլի 10-ից 16-ը` «Ուգնելե» մանկական երգչախմբին (Լիտվա),   իսկ սեպտեմբերի վերջին` «Գեվանդհաուս» մանկական երգչախմբին (Գերմանիա): Փառատոնի շրջանակներում հրավիրված երգչախմբերը համերգներվ հանդես կգան Երևանում և մարզերում` կատարելով Կոմիտասի ստեղծագործությունները: