«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական  մրցույթ

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական  մրցույթն անցկացվում է 2001 թվականիցՀՀ մշակույթի նախարարությանԵրևանի քաղաքապետարանիՀայաստանի երաժշտական ընկերության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Մրցույթի նպատակն է՝

Նպաստել մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակությանը, երգչախմբային արվեստի զարգացմանը.

Քարոզել և տարածել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգերը.

Խթանել երաժշտական, հանրակրթական և արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում, հայորդյաց տներում, մշակութային կազմակերպություններում երգչախմբերի աճը և նոր երգչախմբերի ստեղծումը:

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական  մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի և Ջավախքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների մանկապատանեկան երգչախմբերը: Մրցութային հանձնաժողովի (ժյուրիի) կազմում ընդգրկված դիրիժորների և խմբավարների ղեկավարությամբ գործող երգչախմբերը չեն կարող մասնակցել:

Երգչախմբերի մրցույթն անցկացվում է երկու փուլով և ավարտվում գալա համերգով:

Երգչախմբերի համար նախատեսված են առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակներ: