Հայաստանի փոքրիկ երգիչներ մանկական ֆիլհարմոնիա ՀՈԱԿ

Հայաստանի փոքրիկ երգիչներ մանկական ֆիլհարմոնիա ՀՈԱԿ

««Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա» ՀՈԱԿ-ն ստեղծվել է 1994թ.՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության կողմից: Ֆիլհարմոնիայի նպատակն է զարգացնել մանկական երգչախմբային արվեստը Հայաստանում, աշխուժացնել երգչախմբերի գործունեությունը, անցկացնել վարպետաց դասեր և ցուցադրական փորձեր հայկական երգչախմբերի և խմբավարների համար, հրատարակել հայ հեղինակների խմբերգերը և թողարկել ձայնասկավառակներ, կազմակերպել ազգային փառատոներ և այլն:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ում գործում են երկու՝ ավագ և կրտսեր երգչախմբեր:
Երգչախումբը հիմնադրվել է 1992-ին: Երգացանկը բազմազան է, ներառում է հին, միջնադարյան, Վերածննդի, ինչպես նաև դասական, ժամանակակից, ժողովրդական, և հանրամատչելի ստեղծագործություններ:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի համերգներ է տվել բազմաթիվ երկրներում՝ Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Բելգիա, ՌԴ, Լատվիա, Լեհաստան, Հունաստան, Կիպրոս, Ճապոնիա, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, Կանադա, ԱՄՆ:
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, մասնակցում է միջազգային փառատոների, համաշխարհային գիտաժողովների, ցուցահանդեսների, այդ թվում` Բազելի (Շվեյցարիա, 1995թ), Հոնգ Քոնգի, Գուանջոյի և Պեկինի (Չինաստան,1999), EXPO 2000 (Հանովեր, Գերմանիա), «Ոսկե մակույկ» (Սոչի, ՌԴ, 2001), «Դիմիտրիա» (Թեսալոնիկի, Հունաստան, 2002թ.), Երգչախմբային Արվեստի VI համաշխարհային գիտաժողով (Մինեապոլիս, ԱՄՆ, 2002), «Երգ միասնության» (Հայաստան, 2004, 2006) և այլն:
Երգչախումբը 2001թ. արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին` Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը, պարգևատրվել է նաև ՀՀ նախագահի և կառավարության բարձրագույն պարգևներով, ինչպես նաև «Լեոնարդո Դա Վինչի» արծաթե մեդալով` Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից:
Երգչախմբի ձայնագրություններով թողարկված 6 խտասկավառակներն արժանացել են ազգային և միջաազգային մրցանակների:
«Հայաստանի ամենափոքրիկ երգիչները» երգչախումբը (1994թ.) երեխաներին տալիս է գեղագիտական եզակի կրթություն` ձևավորում երաժշտական ճաշակ, սերմանում հայրենասիրություն և նախապատրաստում երեխաներին միանալու մեծերին` «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին:
«Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախումբը բազմիցս մասնակցել է մանկական երգչախմբերի մրցույթ-փառատոների բացման արարողությունների, գրական-երաժշտական երեկոների, Երգչախմբի հիմնադիր Էլմիրա Հեքեքյանի նախաձեռնությամբ երգչախումբը ելույթներ է ունենում Հայաստանի զորամասերում, ռազմաուսումնական վարժարաններում:

Համերգային  տեսանյութեր