Արթուր Ահարոնյան

Կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ահարոնյանը ծնվել է 1962թ. Երևանում։

1986թ. ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։ Միաժամանակ սովորել է նույն կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում՝ Էդուարդ Բաղդասարյանի, այնուհետև Տիգրան Մանսուրյանի դասարանում։ Կոմպոզիտորական բաժինը ավարտել է 1987թ. և երկու տարի անց ավարտել է նույն բաժնի ասպիրանտուրան։

1993թ. հաստատվել է Փարիզում և 2002 թվականից Փարիզի Դարյուս Միյոի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ 1987թ. և Ֆրանսիական Հեղինակների և Կոմպոզիտորների Միության (SACEM) անդամ 1987թ., զուգահեռաբար ծավալում է կատարողական գործունեություն։ Իբրև դաշնակահար ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Եվրոպայի բազմաթիվ երկրներում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

1996թ. արժանացավ Պիեռ Լանտյեի անվան կամերային միջազգային մրցույթի առաջին մրցանակին, համագործակցելով ջութակահար Հայկ Դավթյանի հետ։ 2006թ. իբրև կոմպոզիտոր, հաղթող ճանաչվեց Անտիբի Համաշխարհային Փառատոնում։

2007թ. արժանացավ «Golden star halo award and Emerald award for Contribution to the entertainment industry and the performing arts Southern California Motion Picture Council à Hollywood» մրցանակին։

Նրա ստեղծագործությանը բնորոշ է բազմաժանրությունը։ Ստեղծագործական ցանկը ընդգրկում է դաշնամուրային գողտրիկ պիեսներից և գործիքային տարբեր կազմի ստեղծագործություններից միջև սիմֆոնիկ և կոնցերտային մեծ կտավի ստեղծագործություններ։

Չմոռանալով նրա վոկալ և երգչախմբային երաժշտությունը, այդ թվում` «Գրազ» կամերային օպերան, որը կատարվեց 1991թ. Երևանի Կամերային Երաժշտության տանը, փոքրիկ թատերականացմամբ։ Նշենք նաև, որ նա գրել է կինոերաժշտություն և երաժշտություն թատերական ներկայացումների համար։

Արթուր Ահարոնյանի հիմնական ստեղծագործություններից կարելի է նշել. «Ջոնաթանի Բալլադը» սիմֆոնիկ պոեմը, ըստ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» պատմվածքի, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2004թ. Փարիզի «Մոգադոր» թատրոնում, Ֆրանսիայի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ։

«Գեղջկական Պատկերներ» գրված 2006թ.«Հայաստանի Փոքրիկ երգիչների» համար, Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններով, որը բազմիցս հնչել է այդ երգչախմբի կատարմամբ, Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ։

«Ջութակի առաջին կոնցերտ» նվիրված Սերգեյ Խաչատրյանին, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2007թ. Կաննում, Կաննի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Ֆիլիպ Բենդերի ղեկավարությամբ, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան։

«Սիրո Երգեր» շարքը գրվել է 2008թ., դիրիժոր Հայկ Դավթյանի առաջարկով, որին էլ նվիրվում է ստեղծագործությունը։

Առաջին անգամ այն կատարվել է Փարիզում, Հայկ Դավթյանի գլխավորած «Նաիրի» նվագախմբի կատարմամբ։

«Ջութակի երկրորդ կոնցերտ» ջութակի, լարային նվագախմբի և մեկ հարվածայինի համար։ Այս կոնցերտը գրվել է Սերգեյ Խաչատրյանի առաջարկով և «Ամստերդամ Սինֆոնիետտա» նվագախմբի պատվերով, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2011թ. «Մյուզիկգբաու» սրահում, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան։

«Ռուսական հեքիաթներ» փողային հնգյակի համար, որը առաջին անգամ հնչեց 2015թ. Էքս-ան-Պրովանսի փառատոնում։

«Հոգուս կանչը» Հայաստանի կառավարության պատվերով, և հնչեց 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի բացման արարողությանը, Հայաստանի Փոքրիկ երգիչների, Ազգային Կապելլաի և Ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

«Հոգուս կանչը» սոպրանոի, կլարնետի և դաշնամուրի համար, Համո Սահյանի բանաստեղծություններով, որի առաջին կատարումը տեղի ունեցավ 2018թ. Լոս Անջելեսի Զիպպեր սրահում։

2019թ. «Զինվորը և պարուհին» բալետը Հանս Քրիստիան Անդերսենի «Անագե զինվորը» հեքիաթի թեմաներով, որիպրեմիերան տեղի կունենա 2020թ. Մարտին, Վանվ քաղաքի Ժան Ֆրանսե սրահում։