Վաղարշակ Զաքարյան

Վաղարշակ Զաքարյանը ծնվել է 1955թ. Երևանում: 1983թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, այնուհետև 1987թ.՝ ասպիրանտուրան պրոֆ. Էդվարդ Միրզոյանի դասարանում:     

1980թ. Մոսկվայում կայացած Կոմպոզիտորների միջազգային մրցույթում նրա «Դաշնամուրի սոնատը» շահել է առաջին մրցանակ:     

1990-ական թվականների սկզբին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է «Պրակտիկա» հրատարակչության երաժշտական բաժնի վարիչ: Հանդիսացել է 'The Grove Concise Dictionary of Music' երաժշտական բառարանի ռուսերեն հրատարակման գաղափարի հեղինակն ու իրականացման նախաձեռնողներից մեկը:     

2003-2007թթ. աշխատել է Մոսկվայի «Մուզիկա» պետական հրատարակչությունում որպես փոխտնօրեն: 2004թ. Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում կազմակերպել է կորպորատիվ երաժշտական երեկո՝ մի շարք անվանի երաժիշտների, այդ թվում՝ Դենիս Մացուեւի եւ Բորիս Բրովցինի մասնակցությամբ:    

Վաղարշակ Զաքարյանը համագործակցում է լեգենդար երաժիշտ Յուրի Բաշմետի հետ, ինչի արդյունքում 2007թ. Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ Վ. Զաքարյանի «Ընծա եւ աղերս» ստեղծագործության պրեմիերան՝ «Մոսկվայի սոլիստներ» նվագախմբի եւ Յու. Բաշմետի կատարմամբ:     

Վաղարշակ Զաքարյանը Ռուսաստանի Կոմպոզիտորների միության Մոսկվայի բաժանմունքի անդամ է: Նրա ստեղծագործությունները կատարվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ նախկին Խորհրդային Միության երկրներում:     

Նա աշխատում է և՛ կամերային, և՛ սիմֆոնիկ ժանրերում, գրել էնաև երաժշտություն ֆիլմերի և թատերական ներկայացումների համար: