Վահրամ Սարգսյան

Ծնվել է 1981թ. մայիսի 28-ին, Երևանում: 1998-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական, 2000-06թթ` Տիգրան Հեքեքյանի խմբավարական դասարաններում: 2007թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրան` Աշոտ Զոհրաբյանի ղեկավարությամբ, ինչպես նաև սովորել է Մոնրեալի McGill համալսարանի կոմպոզիցիայի բաժնում` Ֆիլիպ Լեռուի ստեղծագործական դասարանում: Ստեղծագործել է գլխավորապես կամերային-գործիքային և վոկալ-խմբերգային ժանրերում: 2000թ-ից նրա ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Կանադայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Բելոռուսում, Իտալիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Շվեդիայում և այլուր: Կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարողների թվում են «BBC Singers» և «Boston Chamber Ensemble» երգչախմբերը, Հայաստանի պետական կամերային և Երևանի Կամերային երգչախմբերը, Գերմանական MPAW վոկալ անսամբլը, «Ալան Հովհաննես» լարային նվագախումբը, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ», «Սպեղանի», Գեղարդավանքի երգչախմբերը, Meitar (Իսրայել), Transmission (Կանադա), CME (Կանադա), Oktoplus (Գերմանիա) անսամբլները և այլք: Հրատարակել է ստեղծագործություններ Անգլիայում (Oxford University Press) և Իտալիայում: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիր` մասնավորապես արժանացել է Socan Հիմնադրամի Godfrey Ridout մրցանակի (Կանադա, 2012թ.), Բոստոնում կայացած 3rd BCE Commission Competition միջազգային մրցույթում ճանաչվել է հաղթող (2010թ.), իսկ 2009թ. Խորվաթիայում կայացած երգչախմբային ստեղծագործությունների միջազգային մրցույթում ստացել է առաջին մրցանակ: 2009թ. Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից արժանացել է մրցանակի` երաժշտարվեստի ոլորտում ունեցած նվաճումների համար, իսկ 2008թ. միջազգային մրցանակի է արժանացել Իտալիայի Աոստա քաղաքում տեղի ունեցած երգչախմբային ստեղծագործությունների մրցույթում: Հայաստանի պետական կամերային երգչախմբի 2006թ. կազմակերպած մրցույթի շրջանակներում իր «Tantum Ergo» ստեղծագործությամբ ևս մրցանակակիրների թվում է եղել: Հայաստանի կոմպոզիտորների միության և Կանադայի կոմպոզիտոնրների լիգայի անդամ է, ինչպես նաև հանդիսացել է երաժշտական խորհրդատու Եվրոպական երգչախմբային ասոցիացիայում (2010-12թթ): Բնակվում է Կանադայում: