«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես կգա անգլիական երաժշտության յուրօրինակ համերգով

«Հայաստանի փոքրիկ երգիչները» միջազգային ճանաչում վայելող բարձրակարգ երգչախմբերից է և ոչ պաշտոնապես համարվում է Հայաստանի մշակութային դեսպանը։ 

1992 թվականին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հիմնած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը տարիների ընթացքում համերգային լայնածավալ գործունեություն է ծավալել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներում ու քաղաքներում՝ հայ երաժշտությունը ներկայացնելով լեզվական և երաժշտական ամենատարբեր մշակույթներ կրող հանդիսատեսին։

Երգչախմբի երգացանկն արտացոլում է նրա հարուստ փորձառությունը՝ ընդգրկելով վաղ քրիստոնեական շրջանի հոգևոր երաժշտությունից, միջնադարի և Վերածննդի ստեղծագործություններից մինչև դասական, ջազային ու ժամանակակից երաժշտություն։ Ընդ որում՝ յուրաքանչյուր ստեղծագործություն երգչախումբը կատարում է բնագրի լեզվով։

Երգչախմբի առաջիկա խոշոր ելույթը ևս առանձնահատուկ է լինելու։ Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ։ Համերգին կմասնակցեն նաև միջազգային ճանաչում ունեցող շվեյցարացի տավղահար Ալեքսանդր Բոլդաչևը, դաշնակահար Մարինե Մարգարյանը, ինչպես նաև մենակատարներ Եվա Կարագյանն ու Սյուզաննա Ավետիքյանը։ Համերգը կրում է «Անգլիական երաժշտության երեկո» խորագիրը։

Ի՞նչն է առանձնահատուկ անգլիական երաժշտության մեջ. համերգային ծրագրին ծանոթանալիս պարզ է դառնում, որ այս դեպքում բացառիկ է նախ և առաջ հենց ծրագրի մտահղացումը։ Երեկոն կբացվի 20-րդ դարի անգլիական երաժշտության կենտրոնական դեմքերից մեկի՝ Բենջամին Բրիտենի ստեղծագործություններով՝ A Ceremony of Carols և Friday Afternoons։

Ծրագրի երկրորդ մասը հանդիսատեսին կտեղափոխի Վերածննդի դարաշրջան՝ ներկայացնելով Շեքսպիրի ժամանակակից Ուիլյամ Բըրդի (1540–1623), ապա նաև բարոկկոյի նշանավոր կոմպոզիտոր Հենրի Փըրսելի (1659–1695) ստեղծագործությունները։ Իսկ երեկոն կեզրափակվի ժամանակակից անգլիացի կոմպոզիտոր Ջոն Րաթըրի երկու ստեղծագործությամբ։

Այսպիսով, «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդիսատեսին կառաջնորդեն անգլիական երաժշտության մի քանի դարերի միջով՝ կատարելով յուրօրինակ երաժշտական ճանապարհորդություն։

Սակայն այդ ճանապարհորդությունը միայն Անգլիայով չի սահմանափակվի. երաժշտական ուղին ինչ-որ առումով կանցնի մեկ այլ մայրցամաքով ևս՝ հին Հնդկաստանով։ Րաթըրի եզրափակիչ ստեղծագործություններից անմիջապես առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչները», Բոլդաչևի տավղի նվագակցությամբ, կկատարեն Գուստավ Հոլսթի երկու ստեղծագործություն՝ Choral Hymns from the Rig Veda և Summer՝ Two Eastern Pictures շարքից։

Առաջինը հին սանսկրիտով ստեղծված օրհներգերի հիման վրա գրված շարք է, որոնց տեքստերը կոմպոզիտորն անձամբ է թարգմանել անգլերեն։ Rig Veda-ն հինդուական կրոնի չորս Վեդաներից մեկն է՝ սրբազան տեքստերի հնագույն ժողովածու, որը դարեր շարունակ փոխանցվել է բանավոր ավանդությամբ, ապա գրի առնվել և այսօր համարվում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող հնագույն գրավոր հուշարձաններից մեկը։

Համերգի ընթացքում կատարվելիք չորս օրհներգերը նվիրված են բնության տարրերին և աստվածներին։ Իսկ Summer ստեղծագործությունը, որը նույնպես աղերսներ ունի դասական սանսկրիտ գրականության հետ, գրվել է հնդիկ մեծ բանաստեղծ Կալիդասայի տեքստի հիման վրա։

Համագործակցության պատմությունը

Ինչո՞ւ է Տիգրան Հեքեքյանն ընտրել ժամանակային ու մշակութային այդքան լայն տարածություն ընդգրկող ծրագիր։ Դրա ակունքում երկու երաժշտական աշխարհների հանդիպումն է։ Երկու տարի առաջ աշխարհահռչակ տավղահար Ալեքսանդր Բոլդաչևը լսել էր «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ Բրիտենի ստեղծագործության ձայնագրությունը և ցանկություն հայտնել երգչախմբի հետ համատեղ համերգ ունենալու։ Երկու տարի անց այդ մտահղացումն իրականություն է դառնում Երևանում։

Սկզբում երաժիշտները պայմանավորվել էին միասին կատարել A Ceremony of Carols-ը։ Հետագա քննարկումների ընթացքում, սակայն, նրանց ուշադրությունը գրավեց Հոլսթի մեծակտավ, չորս մասից բաղկացած Choral Hymns from the Rig Veda-ն, որը, նրանց համոզմամբ, կարող էր հրաշալիորեն ամբողջացնել Բրիտենի ստեղծագործությամբ ձևավորվող երաժշտական պատկերը։

Ինչպես նշված է համերգի ծրագրում. «Թերևս «Անգլիական երաժշտության երեկոյի» գլխավոր ուղերձը մեկ այլ երկրի և պատմական տարբեր ժամանակաշրջանների երաժշտությունը պարզապես ներկայացնելը չէ, այլ այդ երաժշտության մեջ համամարդկայինը բացահայտելը՝ մարդկային ձայնի գեղեցկությունը, բառի ուժը և երաժշտության՝ փոխըմբռնման տարածք ստեղծելու բացառիկ կարողությունը»։

 

Կոսմոպոլիտ արտիստներ՝ բազմամշակութային երգացանկով

Ինչպես «Հայաստանի փոքրիկ երգիչները», այնպես էլ Ալեքսանդր Բոլդաչևը միջազգային երաժշտական աշխարհում ազատորեն շրջող արտիստ է, որի բազմաժանր գործունեությունը չի սահմանափակվում դասական երաժշտությամբ։ Նա նաև կոմպոզիտոր, դիրիժոր և պրոդյուսեր է, դասական քրոսովերի ճանաչված ներկայացուցիչներից մեկը, որն իր գործունեությամբ նորովի է ներկայացրել տավիղի դերն ու հնարավորությունները ժամանակակից երաժշտական աշխարհում։

Բոլդաչևը զգալիորեն ընդլայնել է տավիղի գեղարվեստական արտահայտչամիջոցներն ու այդ գործիքի ունկնդիրների շրջանակը՝ հանդես գալով հինգ մայրցամաքների ավելի քան 50 երկրներում։ Նա ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր բեմերում, ինչպիսիք են Քարնեգի Հոլը, Վիեննայի Մուզիքֆերայնը և Համբուրգի Էլբֆիլհարմոնիան, միաժամանակ ներկայանալով նաև դասական երաժշտության համար ոչ ավանդական հարթակներում՝ Burning Man փառատոնից մինչև ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի բացման արարողություն, որտեղ ելույթ է ունեցել Ռոբի Ուիլյամսի հետ։

Որպես կոմպոզիտոր՝ Բոլդաչևը հեղինակել և գործիքավորել է ավելի քան 300 ստեղծագործություն՝ դասական վիրտուոզությունը համադրելով ռոքի, ջազային իմպրովիզացիայի և էլեկտրոնային երաժշտության հնչերանգների հետ։ Նրա ձայնագրություններն արժանացել են միջազգային ուշադրության և ճանաչման, այդ թվում՝ ICMA մրցանակի անվանակարգի և մի շարք հեղինակավոր մրցանակների։

Համերգային գործունեությանը զուգահեռ Բոլդաչևը զբաղվում է նաև մանկավարժությամբ։ Նա հրավիրյալ պրոֆեսոր է Ազուսա Փասիֆիք համալսարանում, դասավանդում և վարպետության դասերով հանդես է գալիս նաև Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում, Միլանի կոնսերվատորիայում և Բելգրադի երաժշտական ֆակուլտետում։

Նա ակտիվորեն ներգրավված է նաև թատրոնի, կինոյի և սոցիալական նախաձեռնությունների ոլորտներում։ Բոլդաչևը World Harp Day-ի և Zurich Harp Festival-ի հիմնադիրն է։ Նրա գեղարվեստական աշխարհայացքի հիմքում մի պարզ համոզմունք է՝ ամեն ինչ հնարավոր է։ Տավիղը նրա համար վերածվել է համընդհանուր լեզվի, որի միջոցով աշխարհի տարբեր անկյուններում միմյանց են հանդիպում մշակույթներ, ժանրեր և համայնքներ։

Մշակույթների միջև կամուրջներ ստեղծելու նույն գաղափարն է ուղեկցում նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գործունեությանը։ Երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո։

1995 թվականից երգչախումբը մասնակցել է միջազգային մրցույթների և փառատոների Արևմտյան ու Արևելյան Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Միացյալ Նահանգներում։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։

Երգչախումբը պարգևատրվել է նաև ՀՀ նախագահի և կառավարության բարձրագույն պարգևներով, ինչպես նաև Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի «Լեոնարդո դա Վինչի» արծաթե մեդալով։ Տարիների ընթացքում այն համագործակցել և ելույթներ է ունեցել անվանի դիրիժորների հետ, թողարկել մի շարք ձայնասկավառակներ։

Երգչախմբի ձեռքբերումներն անբաժան են նրա հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի բազմամյա գործունեությունից։ Նա ևս արժանացել է Հայաստանի բարձրագույն պարգևների, հիմնադրել և ղեկավարել մի շարք երգչախմբեր՝ նշանակալի ներդրում ունենալով հայկական երգչախմբային արվեստի զարգացման գործում։

Դիրիժորական գործունեությանը զուգահեռ՝ 1985 թվականից ի վեր Տիգրան Հեքեքյանը դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եղել է միջազգային մրցույթների ժյուրիի անդամ և արտերկրում հանդես եկել որպես հրավիրյալ դասախոս։

Սեպտեմբերի 14-ի համերգի տոմսերը հասանելի են առցանց՝ toms.am և tkt.am հարթակներում։ Տոմսերի արժեքը կազմում է 5 000–7 000 դրամ։