Տիգրան Հեքեքյան․ ճանապարհ արվեստում․ «Երաժշտական եռնակյունի»

Տիգրան Հեքեքյանը հայ կատարողական արվեստի և մշակույթի անվանի գործիչներից է, ում դերակատարությունը հայկական ժամանակակից երաժշտության մեջ անգնահատելի է:

Հեքեքյանը հիմնադրել է մի քանի երգչախմբեր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենն է, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր:

«Կարելի է ասել, որ իմ մուտքը մշակույթի ասպարեզ կանխորոշված էր, քանի որ ընտանիքում մթնոլորտը, շփումները և այն արժեհամակարգը, որի ներքո ես ձևավորվել եմ որպես անհատականություն, որդեգրված էր իմ ծնողների կողմից: Բազմաթիվ հետաքրքրություններ ունեի, բայց կար մի բան, որը հիմքում էր իմ բոլոր դրսևորումների. մանկուց սիրում էի՝ լինի դա բակային խաղերում, թե ուսման մեջ, լինել լիդեր՝ առաջնորդ: Համախմբում էի սպորտային թիմեր, կազմակերպում խաղեր, և երևի հենց այդ հատկանիշը ուղղորդեց ինձ դեպի խմբավարություն»,- ասում է Տիգրան Հեքեքյանը:

Սկզբնական երաժշտական կրթությունը նա ստացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև արդեն որպես խմբավար ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

Նույն մասնագիտությամբ ավարտել է Երևանի պետական Կոնսերվատորիան և ասպիրանտուրան, իսկ 1980 թվականից դասախոսում է իր Ալմա Մատերում: 1980-ականներին հիմնում է մի շարք երգչախմբեր, որոնց թվում՝ ազգային մրցույթների դափնեկիր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը (1982-1988թթ.) և Երիտասարդական Կազմակերպությունների Կոմիտեի երգչախումբը (1986-1988 թթ.):

1984-2002 թթ. նա հրավիրվում է ղեկավարելու միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կամերային երգչախումբը, որը հիմնադրվել էր 1929 թ.-ին, ուներ հարուստ կենսագրություն և բարի համբավ Խորհրդային միությունում, Եվրոպայում և Ճապոնիայում։

«Հանրային ռադիոն ինձ համար հարազատ վայր է, որովհետև կամերային երգչախմբի հետ աշխատանքն իր ամբողջ ծավալով, բովանդակությամբ և աշխատանքի արդյունավետությամբ հարստացրեց ոչ միայն իմ կենսագրությունը, այլ նաև հանրային ռադիոյի ձայնադարանի ոսկե ֆոնդը»,-շարունակում է խմբավարը:

Տիգրան Հեքեքյանը աշխատեց այն ժամանակաշրջանում, երբ հանրային ռադիոն համալրված էր բազմաթիվ երաժշտական կոլեկտիվներով՝ ազգային երաժշտության կոլեկտիվներ, սիմֆոնիկ նվագախումբ և Կամերային երգչախումբ: Դա թույլ էր տալիս ձայնագրել և կատարել հսկայածավալ երաժշտական նյութ՝ ազգային երգից մինչև համաշխարհային երաժշտության գոհարներ և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Դրա ակնառու փաստումներից են այն ձայնագրությունները, որոնք հնչում են մեր զրույցի առաջին մասի ընթացքում Հայաստանի ռադիոյի կամերային երգչախմբի կատարմամբ, դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ։

 

https://hy.armradio.am/2023/04/20/տիգրան-հեքեքյան․-ճանապարհ-արվեստում/?fbclid=IwAR1ouLz851cvVTVTvOYZmiUXUbPnN3LD1xCK8o37QmJqT6OsUViuGLuz_j0