Հայաստանի Ազգային Ռադիոյի Կամերային երգչախումբը

Հայաստանի ռադիոյի կամերային երգչախումբը ստեղծվել է 1929 թվականին: Առաջին գեղարվեստական ղեկավարն էր Մարտին Մազմանյանը: Երկու տարի անց երգչախումբը հաղթող ճանաչվեց Համամիութենական ռադիոմրցույթում: Տարիների ընթացքում երգչախումբը ղեկավարել են Թաթուլ Ալթունյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Կարո Զաքարյանը:

Որոշ դադարից հետո երգչախումբը վերակազմավորվեց 1979 թվականին: 1979-1984 թթ. երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, խմբավարը` Հարություն Թոփիկյանը:

1984-2001 թթ. երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր Տիգրան Հեքեքյանը: Վերակազմավորված երգչախումբը մասնակցել է բազում խոշոր միջազգային փառատոների, բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հունգարիայում, Էստոնիայում, Ուզբեկստանում (1980-1983 թթ.), Բալթյան երկրներում, Ռուսաստանում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Վրաստանում, Իսրայելում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում (1984-2001 թթ.):

Երգչախումբն ու նրա մենակատարները հաղթող են ճանաչվել խոշոր միջազգային մրցույթներում.

2 ՈՍԿԵ և 1 ԱՐԾԱԹԵ մեդալներ, Ռուդեպուրտի միջազգային երաժշտական մրցույթ, Հարավաֆրիկյան հանրապետություն, 1991թ.

ԵՐՐՈՐԴ մրցանակ, Արնհեմի միջազգային երգչախմբային մրցույթ, Հոլանդիա 1991թ.         

Գլխավոր մրցանակ և ՈՍԿԵ մեդալ, Տակարացկա միջազգային երգչախմբային մրցույթ, Ճապոնիա, 1992 թ.

Երգչախումբը բարեգործական ծրագրերով պարբերաբար հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 1988-1993թթ. բոլոր համերգները կայացել են ի նպաստ Լեռնային Ղարաբաղի:

1990 թվականին Լիտվայում կայացած համերգաշարից գոյացած հասույթը փոխանցվել է Լիտվայի մանկական ֆոնդին: Երգչախմբի կատարմամբ Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիա` նվիրված 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին» ձայնապնակի (Հոլանդիա, 1991թ.) վաճառքից գոյացած 100.000 ԱՄՆ դոլարը նվիրաբերվեց 1988 թվականի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդին:

Երգչախմբի հարուստ երգացանկում ընդգրկված էին հայկական ժողովրդական երգերի մշակումներ, հայ, արևմտաեվրոպական և ամերիկյան հոգևոր, դասական, ժամանակակից, ջազային ստեղծագործություններ: Այդ երգացանկով թողարկվել է 4 ձայնապնակ Մոսկվայում և Հոլանդիայում, 4 խտասալիկ Միացյալ Նահանգներում, Հոլանդիայում, Ֆրանսիայում ու Մոսկվայում:

Երգչախմբի կատարումներով հարյուրավոր ստեղծագործություններ համալրել են ռադիոյի ոսկե ֆոնդը:

Երգչախումբը 1991-2001 թթ. անդամակցել է Եվրոպական երգչախմբերի միջազգային ֆեդերացիային (EUROPA CANTAT):