Համերգային շրջագայություն Գերմանիայում՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին

2019 թվականի սեպտեմբերի  25-ից հոկտեմբերի 1-ը տեղի է ունեցել Տիգրան Հեքեքյանի ղեկավարած <<Հայաստանի փոքրիկ երգիչներ>>  երգչախմբի՝ Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայությունը Գերմանիայում:

Գերմանիայում համերգների մեկնարկը տրվել է Բեռլինի Կոնցերտհաուս հեղինակավոր դահլիճում ելույթով։

Այս համերգը, կազմակերպված լինելով Գերմանիայում ՀՀ դեսպանատանի կողմից, ևս նվիրված է եղել ՀՀ Անկախության տոնին։ Երեկոյի բացման խոսք է ասել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, այնուհետև հայ-գերմանական բարեկամական կապերի մասին ճառով հանդես է եկել ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Միխայել Ռոթը։ <<Հայաստանի փոքրիկ երգիչների>> կատարմամբ Կոմիտասի գոհարները, գերմանալեզու դասական նմուշները, ժամանակակից կոմպոզիտորների բարդ ստեղծագործություններն ըստ արժանվույն են գնահատվել ունկնդրի կողմից։

Երեկոյին ներկա ԳԴՀ ԱԳՆ արտաքին մշակութային քաղաքականության գծով հանձնակատար Իրմգարդ Մարիա Ֆելլները նշել է, որ այդ երեկո դահլիճում ներկա բարձրաստիճան պաշտոնյաները կարող են առանցքային դերակատարում ունենալ հայ-գերմանական հարաբերություններում, նաև ավելացրել, որ վերոհիշյալ պետական այրերի՝ հայ երգչախմբին ցույց տված ընդունելությունն ու ոտնկայս ծափերը, որով նրանք արձագանքել են <<Հայաստանի փոքրիկ երգիչների>>  կատարումներին, արտակարգ էին և աննախադեպ։

Սեպտեմբերի 25-ին <<Հայաստանի փոքրիկ երգիչները>> ժամանել են Լայպցիգ, որտեղ հայ երեխաներին հյուրընկալում էր Գևանդհաուսի մանկական երգչախումբը։

Սեպտեմբերի 29-ին Տիգրան Հեքեքյանի երգչախումբը հանդես է եկել իր` այս շրջագայության առանցքային համերգով, Լայպցիգի աշխարհահռչակ՝ Գևանդհաուս Մեծ համերգադահլիճում։/Այս համերգադահլիճն իր անունը ստացել է 18-րդ դարում հիմնադրված, այնուհետև հաջորդ դարում գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոն-Բարթոլդիի ղեկավարությամբ զարգացում ապրած Գևանդհաուս նվագախմբի անունից, որը հիմա իր 180 անդամներով հանդիսանում է աշխարհի ամենամեծ նվագախումբը։ Շենքը կառուցվել է նույն դարում, երեք անգամ քանդվելուց հետո, նորից է կառուցվել։ Հիմա հանդիսանում է աշխարհի լավագույն համերգադահլիճներից մեկը։/

<<Հայաստանի փոքրիկ երգիչների>>  համերգը կազմված է եղել Կոմիտասի երկերից, հայ, արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ժողովրդական, դասական բազմաժանր և բարդագույն ստեղծագործություններից, որոնց կատարումներն ունկնդիրն ընդունել է մեծ ոգևորությամբ։

Համերգի ընթացքում Տիգրան Հեքեքյանի սաները նաև միացյալ ելույթ են ունեցել Գևանդհաուսի մանկական երգչախմբի հետ՝ կատարելով գերմանական երաժշտություն, Կոմիտասի <<Սոնա յար>>  երգը, իսկ երեկոյի ավարտին՝ Էրեբունի-Երևանը։

Զուսպ և կշռադատված գերմանացի ունկնդրի բուռն արձագանքը, չլռող ոտնկայս ծափերն ու ոգևորությունը սպասվածից էլ արտակարգ են եղել՝ հայ երեխաների ամեն մի կատարումից հետո աճող ծափերով և հիացական բացականչություններով։

Երգչախմբի համերգային շրջագայությունը եզրափակվել է Հալեի Սբ. Լաուրենտիուս եկեղեցում տեղի ունեցած համերգով:

 Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի փայլուն ելույթների մասին իրենց տպավորություններն են հայտնել հայտնի խմբավարներ, երաժիշտներ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ.

Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի փայլուն ելույթների մասին իրենց տպավորություններն են հայտնել հայտնի խմբավարներ, երաժիշտներ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ.

<<Ապշեցնող  և հուզիչ համերգ էր: Տպավորված եմ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբով: Հրաշալի ելույթ, հրաշալի ձայներ, հրաշալի բեմական կեցվածք: Անչափ ուրախ եմ ձեր ներկայության և համատեղ ելույթի համար >>:

Ֆրանկ-Շտեֆան Էլսթեր

Գեվանդհաուս մանկական երգչախմբի խմբավար