Նվիրում

Տարվա մեջ կա մի օր, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մեծ ընտանիքի համար երկար տարիներ եղել է շատ սիրելի և նվիրական։ Փետրվարի 29-ն է՝ մեր երգչախմբի հիմնադիր, շարժիչ ուժ, լույսի և եռանդի անսպառ աղբյուր, փոքրիկ երգիչների մեծ մայրիկ Էլմիրա Հեքեքյանի ծննդյան օրը։
Այս տարի այն առաջին անգամ դիմավորելու ենք առանց նրա, սակայն իրեն հատուկ դրական լիցքերով, ժպիտով, լույսով ու մեծ նվիրումով։

Հիշվող արժեքներ է ստեղծել Էլմիրա Հեքեքյանը, ապրել բազմաբովանդակ, նվիրյալի կյանք՝ լի արվեստով, արարումով, տիտանական աշխատասիրությամբ, գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու, բոցավառելու, անհնարինն իրականություն դարձնելու տաղանդով։
Կյանք, որի կենտրոնում սերն է առ հայրենիքը, զավակներն ու գեղեցիկը՝ գեղեցիկը շրջապատում, մարդկային հոգում, հարաբերություններում, արվեստում ու բնության մեջ։

«Նվիրում»՝ հենց այդպես էլ կկոչենք երեկոն՝ նվիրված Հայկական հեռուստատեսության հիմնադիր, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային ակադեմիաների պատվավոր անդամ, Հայրենական Մեծ պատերազմի կամավոր մասնակից, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի երկար տարիների փոխնախագահ էԼՄԻՐԱ ՀԵՔԵՔՅԱՆԻՆ:

Սիրով սպասում ենք Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգին փետրվարի 29-ին, ժամը 19:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում: