«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»-ն ավարտել են համերգային շրջագայությունը Եվրոպայում

Ավարտվեց Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի՝ ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագիրը կրող համերգային շրջագայությունը Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբից:

Երգչախումբը համերգներով հանդես եկավ եվրոպական 9 քաղաքներում, ունեցավ 9 համերգ՝ հանրահայտ Բեռլինի Ֆիլհարմոնիկ համերգասրահից մինչև Բրյուսելի Մայր Տաճար:

Համերգներին ներկա էին արտերկրի պետական բարձրաստիճան այրեր, օտարերկրյա դիվանագետներ, միջազգային պատվիրակություններ, արվեստագետներ, երգչախմբային արվեստի սիրահարներ:

Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը իր ողջույնի խոսքում նշեց. Աշխարհի լավագույն բեմերը նվաճած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգախումբը, լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը, խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու և ստեղծագործելու հայ ժողովրդի ձգտման լավագույն արտահայտումն է:

Ամենուր երգչախումբն արժանացավ ջերմ ընդունելության և բարձրագույն  գնահատականի :

«Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել»,- նշել է «Միդվեսթ» աղջիկների երգչախմբի տնօրեն Մարտին Օլսենը:

Խմբավար, երգեհոնահար Փիթեր Արենդտն ասել է. «Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար։ Դա միայն երաժշտություն չէր, դուք այս երեկո պատմեցիք մեզ մի երկար և շատ կարևոր պատմություն Հայաստանի մասին»։                                               

«Այսօրվա համերգը ապացուցեց, որ մենք իսկապես աշխարհին ասելիք ունենք և՛ որպես հայ երաժշտության քարոզիչներ և՛ որպես հայ երաժշտության տարբեր գույներն ու դարաշրջանները ներկայացնողներ: Ես շատ հուզված եմ և հիացած: Պարգևեցիք մեծ երջանկություն այս հեռավոր հյուսիսային երկրում՝ եվրոպայի կենտրոնում, տաք հայկական ջերմություն բերեցիք ձեզ հետ»,- ընդգծել է Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ստեփան Ստեփանյանը: