«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը հանդես են եկել եվրոպական մեծ բեմերում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1- ը անկախության 25- ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագիրը կրող համերգային շրջագայությամբ հանդես եկավ եվրոպական մի շարք քաղաքներում: Այսօր Խնկո Ապոր գրադարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում  երգչախմբի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Տիգրան Հեքեքյանը նշեց, որ երգչախումբը հանդես է եկել եվրոպական այնպիսի բեմերում, որտեղ ներկայանալ քչերին է տրված: «Մշակութասեր հանդիսատեսից բացի, ելույթ ունեցանք նաև եվրոպացի քաղաքական գործիչների համար, որոնք հիացմունքով էին ունկնդրում մեզ, այսպիսով երաժշտության միջոցով մենք օտարների պատկերացումն ենք փոխում մեր երկրի մասին»,- նշում է Տիգրան Հեքեքյանը: Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, իր գովեստի խոսքերն ուղղեց երգչախմբին. «Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներում երգչախմբի շրջագայությունը կարևորվեց  նրանով, որ հանդիսատեսների հիմնական մասն օտարներն էին, այլ ոչ հայ համայնքի ներկայացուցիչները»: Երգչախմբի անդամներից Մարգարիտան նշում է, որ անչափ տպավորված է շրջագայությունից. «Հատկապես տպավորվել եմ Նիդերլանդների Հաագա քաղաքից։ Այնտեղ մենք հյուրընկալվել էինք հայ ընտանիքներում, և երբ հեռանում էինք, մեզ հյուրընկալած մարդիկ չէին կարողանում զսպել արցունքները»,- ասում է Մարգարիտան: